ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ՄԵՆՔ ՊԻՏԻ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵՋ ՄԱԶՈԽԻԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ, ԿԵՂԾ, ՊԱԹԵՏԻԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉՍԵՐՄԱՆԵՆՔ»

«ՄԵՆՔ ՊԻՏԻ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵՋ ՄԱԶՈԽԻԶՄ, ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ, ԿԵՂԾ, ՊԱԹԵՏԻԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉՍԵՐՄԱՆԵՆՔ»
27.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրը ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի ղեկավար, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ է:
-ՀԳՄ-ի 75-ամյակին նվիրված հանդիսությունը հանրությունը, ԶԼՄ-ները (անգամ իրենք՝ գրողները) այնքան էլ մեծ ուշադրության չարժանացրին: Աղմուկ չկա, պակասե՞լ է հետաքրքրությունը, թե՞ գրողների միությունը կորցրել է կարևորությունը:
-Միջոցառումը, իսկապես, անշուք էր, թեև բավականին ժամանակ նախապատրաստվում էինք: Պատճառը մեր հասարակության մեջ առկա հակագրական, հակամշակութային տրամադրվածությունն է, նաև այս օրերի քաղաքականացված իրականությունը, զրույցներն ընթանում են հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման շուրջ, և հասարակությունը, գրողն ինքն էլ, ժամանակ չունի, կարծես, նման միջոցառումներով զբաղվելու: Ամեն դեպքում, կարծում եմ, կարելի էր ավելի լավ կազմակերպել: Գրողների միության հոբելյանները միշտ իրադարձություն են եղել մեր հանրապետության կյանքում, հատկապես խորհրդային ժամանակներում: Բայց չեմ ուզում ասել, թե գրականությունը լրիվ անտարբերության է մատնված: Ցավալին այն է, որ մենք վարժվել ենք «պտիչկա» (անկյունանիշ) դնելուն, այսինքն` ձևականության տարր կա: 75-ը կլոր հոբելյան է, կուզեի, որ գրողների միության հոբելյանը տոն դառնար ամբողջ տարվա մակարդակով, եթե, այսպես ասած, ուշացել ենք և սեպտեմբերին ենք նշում, մեղքի մեր բաժինն էլ կա:
-ՀԳՄ 15-րդ համագումարի ժամանակ երիտասարդ գրողների անունից ասացիք. «Մենք ընտրում ենք, բայց պահանջելու ենք։ Եթե առկա թերացումներն առաջիկա տարիներին չշտկվեն, կարծում եմ` ավելի լուրջ ընդդիմություն կձևավորվի, ոչ ափինյանական մակարդակի»: Մի տեսակ վերջնագրի նման է հնչում: Բարեփոխումներ եղե՞լ են, առհասարակ, համագումարից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է` լավ կամ վատ իմաստով:
-Համագումարից հետո շատ բան հստակվեց, ամենակարևորը` դադարեցին մերձգրական կռիվները, բայց, մյուս կողմից էլ, այնքան խոր անդունդի մեջ էինք ընկել, որ դուրս գալը դժվար է: Այո, ես ասել եմ, որ երիտասարդները պահանջատեր են լինելու, դա չի նշանակում, թե միանգամից գլոբալ փոփոխություններ կլինեն, կարծում եմ, առիթ էլ չի եղել ագրեսիվ ոճով գործելու: Հիմա մենք ձգտում ենք, որ պահպանվի համագումարից հետո ստեղծված խաղաղությունը: Չէի ուզենա երիտասարդ ասվածը չափանիշ դառնար, երիտասարդների մտահոգությունները համընդհանուր գրական դաշտի մտահոգություններն են, և սխալ կլինի դրանք կապել միայն մեր ամբիցիաների, հավակնությունների հետ:
-«Մինչ շատ ավագ գրողներ ննջում են իրենց դափնիների վրա, երիտասարդ գրողները գրականության մատուցման, պատկերման նոր ձև են գտնում»։ Սրանք Ձեր խոսքերն են, Դուք, ասես, տարանջատում եք ավագ և նոր սերնդին, ի վերջո, եթե գրողը տաղանդավոր է, որքանո՞վ է կարևոր տարիքը:
-Ես երբեք չեմ ասում` ավագ գրող Հովհաննես Գրիգորյան, ավագ գրող Հակոբ Մովսես կամ Լևոն Խեչոյան: Նրանք անհատականություն են, նրանց դեպքում իմաստ չունեն նման տարանջատումները: Բայց երբ խնդիրը վերաբերում է գրական դաշտում արժեքայնության ստեղծմանը, և մի ավագ գրող հավակնում է ինչ-որ դերակատարության, այդ ժամանակ արդեն ասում ես, որ չափանիշ չէ ավագ գրող լինելը, երիտասարդը կարող է անհամեմատ լավ գրել: Իմ կամ իմ տարեկիցների նման հայտարարություններից որևէ տաղանդավոր գրող երբևէ չի նեղսրտել, տաղանդավոր գրողն այդ չափումներից դուրս է: Մոտավորապես գիտեմ, թե ովքեր են դժգոհում, ինչը խոսում է իրենց թուլության մասին:
-Երիտասարդների ստացած պետական մրցանակները նյարդայնացնում են տարիների գրական վաստակ ունեցող գրողներին, որոնք առանձնապես ուշադրության չեն արժանացել։
- Կա պետական մրցանակ, նախագահի մրցանակ, թող մրցակցեն: Երիտասարդների համար ընդամենը մեկ-երկու մրցանակ է նախատեսված: Վաստակ ասվածը չեմ հասկանում, ինչո՞ւ են վաստակավոր…
-Գուցե շատ գրքերի հեղինակ են:
-Շատ գիրք գրելը չափանիշ չէ։ Օրինակ, վերջին տասնհինգ-տասնյոթ տարում Հակոբ Մովսեսն ընդամենը երկու գիրք է գրել, բայց նրա մեկ գիրքն իր հոգեբանական կշռով չես կարող դնել մյուս գրողների բազմահազար հատորների կողքին: Ինչ վերաբերում է գնահատված լինել-չլինելուն, նրանք խորհրդային տարիներին մեքենա են ստացել, բնակարան, մենք դրանից էլ ենք զրկված:
-Անգամ «ոչ ընդդիմադիր» գրողներից կարելի է լսել, որ գրողների միության կառուցվածքը, կանոնադրությունը ժամանակավրեպ են, հնացած, նախընտրելի է գրական խմբավորումների, ակումբների ստեղծումը, առողջ մրցակցությունը:
-Որ ՀԳՄ կառույցը հնացել է, փաստ է: Ի դեպ, այժմ հատուկ հանձնաժողով է ստեղծվել (անդամներից մեկն էլ ես եմ), որ զբաղվում է գրողների միության կառուցվածքային բարեփոխումներով, շուտով կմշակվի որոշակի հայեցակարգ և լայն քննարկման կդրվի: Ինչ վերաբերում է ակումբների ստեղծմանը, ո՞վ է խանգարում, որ ակումբներ լինեն, այդ տիպի ցանկացած աշխույժ միավորում, եթե կույր ժխտողականությամբ չի լցված գրողների միության դեմ, օգտակար է: Կարևոր է պահպանել էթիկան, չաշխատել ընդդեմ ՀԳՄ-ի, աշխատել հանուն գրականության:
-Ո՞րն է գրողի դերը իրականության առողջացման գործում։ Այսօր, օրինակ, օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման հարցն է, գրողները, ասես, չեզոքություն են պահպանում, գրողի ձայնը չի լսվում: Անսովոր լռություն է:
-Ես ինքս էլ մտածել եմ այդ մասին, կարծես մենք` գրողներս, անտարբեր ենք, այն առումով, որ պաշտոնական հատուկ վերաբերմունք չենք դրսևորում (թեև մամուլի ակումբներում, ասուլիսներում տարբեր քննարկումներին գրողները մասնակցում են), մյուս կողմից էլ՝ նախասիրությունները, մոտեցումները տարբեր են, և գրողների միությունը չի կարող հանդես գալ միասնական հայտարարությամբ:
-Երիտասարդական բաժանմո՞ւնքն ինչ դիրքորոշում ունի, քննարկումներ, ակտիվություն նրա կողմից նույնպես նկատելի չէ:
-Ցավով պետք է արձանագրենք, որ գրողը, այդ թվում` երիտասարդ գրողը, մի տեսակ դուրս է եկել քաղաքացու կերպարից, մնացել է որպես զուտ գրող (թեև կան բացառություններ): Համաձայն եմ, կարևոր բացթողում է, մենք հավաքվում ենք, բանավիճում, բայց, ինչպես արդեն ասացի, երևի պակասում է պաշտոնականությունը։ Լավ գաղափար է, կարելի է մամուլի ասուլիս կազմակերպել։
-Բայց այսօր, կարծես, առանձնապես չի էլ կարևորվում գրողի խոսքը: «Սիրված գրող», «առաջնորդ գրող» արտահայտությունները մեր ժամանակներում խորթ են հնչում:
-Իհարկե, մենք այսօր չունենք «առաջնորդ գրող» հասկացություն, մեր հասարակությունն այսօր արժանի էլ չէ, որ մտավորականը, գրողն իրեն առաջնորդի, խոսք ասի: Նրանք ուզում են, որ իրենց առաջնորդեն մականունավորները, թաղային հեղինակությունները…
-Ասում են` այսօր քաղաքականացված պիտի լինեն և՛ արձակը, և՛ պոեզիան, բայց գրականությունն ուրիշ տարածք է, ըստ իս` երբեմն այն ուղղակի փախուստ է իրականությունից:
-Գրականությունը, արվեստը, որպես կանոն, քաղաքական հարցերին, խմորումներին պատասխան տալիս են և արձագանքում: Բայց պատմությունը ցուց է տալիս, որ այն պոեզիան, այն արձակը, որոնցում կան ժամանակային, հասարակական, քաղաքական կոնկրետ, ընդգծված նշաններ, ոչ թե փոխաբերված, վերացարկված, նման գրականությունն ապագա չունի, դա հնացող գրականություն է, ինչպես լրագրությունը:
-Ի՞նչ եք կարծում, ծրագրային գրականությունը փոփոխման կարիք ունի՞:
-Դա գլոբալ խնդիր է: Երբ այս թոհուբոհից դուրս գանք, պետք է մտածենք գրականության թարմացման մասին, ինչը չի նշանակում, թե շատ գրողների պետք է հանել: Պետության կայացածությունը կրթությամբ, մշակույթով, գրականությամբ է պայմանավորված: Մենք պիտի մեր երեխաների մեջ մազոխիզմ, ազգային բարդույթներ, կեղծ, պաթետիկ հայրենասիրություն չսերմանենք և, ամենակարևորը, երեխաներին չվարժեցնենք շաբլոնի, որ Եղիշե Չարենց ասելով` չպատկերացնեն միայն «Ես իմ անուշ Հայաստանին»: Երեխան պետք է տեսնի` իր ապրած ժամանակն ինչպե՞ս է դարձել գրականություն, ի՞նչ խոհեր ունի իր ժամանակի մարդը, իր ժամանակի գրողը: Որքան էլ «Գիքորը» ողբերգական պատմություն է, այսօր այն շատ քչերին է հուզում։ Դասական գործն էլ իր հարցադրումներով պետք է ունենա արդիական հնչեղություն և դաստիարակչական նշանակություն:
-Ժամանակակից հայ գրողներից ո՞ւմ գործերն ինքներդ կընդգրկեիք ուսումնական ցանկի մեջ (գիտեմ, որ դասախոսում եք և ուսանողներին Ձեր հայեցողությամբ ծանոթացնում մեր ժամանակի գրականությանը)։
-Հովհաննես Գրիգորյանից հայրենասիրական թեմաներով մի ընտիր փունջ կընտրեի` ավագ դպրոցի համար, որ տեսնեն` պաթետիկ հայրենասիրությունից, իմ «բարձրանունից», «իմ քաղցրանունից» զատ, կա նաև հայրենասիրության մի այնպիսի տեսակ, երբ գրողը հայրենիքի հետ իսկապես հոգևոր կապի մեջ է, երբ զրուցում է հայրենիքի հետ: Այդ բացը կա նաև համալսարանում. դիպլոմային աշխատանքի թեմա են դարձնում, ասենք, Արմեն Մարտիրոսյանի պոեզիան, բայց ուսանողը բանաստեղծության այդ տեսակին ծանոթ չէ: Կարելի է բարձր դասարաններում ծաղկաքաղի տեսքով ծանոթացնել արդի բանաստեղծության, արձակի ձևերին: Մենք արցախյան պատերազմի թեմայով ընտիր պատմվածքներ ունենք, բայց դրանցից ոչ մեկը չկա դասագրքերում, հետո էլ դժգոհում են, որ այսօրվա երեխան իդեալ չունի:
-Պետական մրցանակաբաշխությունների ժամանակ ներկայացված գործերից ավելի արժևորվում է հայրենասիրակա՞ն թեման:
-Ես մասնակցել եմ պետական մրցանակաբաշխությանը, հանձնաժողովի անդամ եմ եղել և նկատել եմ, որ թե՛ կինոյի, թե՛ գրականության, թե՛ երաժշտության ոլորտներում խրախուսվում են այն գործերը, որոնք եղեռնի թեմայով են: Կարելի է դա որակել որպես պետական քաղաքականություն, բայց սևեռվել միայն դրա վրա, կարծում եմ, սխալ է, որովհետև այս դեպքում թեման է արժևորվում, ոչ թե ստեղծագործությունը: Ժամանակակից կյանքի մասին մեկը կարող է գրել ավելի արժեքավոր մի բան և մնալ հետին պլանում: Իդեալական կլիներ, եթե եղեռնի թեմայով գործը համընկներ նաև բարձր չափանիշներին, բայց, արդեն ասվել է, սկսած Հակոբ Օշականից մինչև Հրանտ Մաթևոսյան, եղեռնի թեմայով լավ գործ չի ստեղծվել:
-Ո՞րն է գրաքննադատի առաքելությունը:
-Քննադատության մեծագույն առաքելությունը գրական դաշտի օրինաչափությունները բացահայտելն ու ներկայացնելն է, որի ընթացքում նաև լինում է անդրադարձ առանձին գրողների, գրական այս կամ այն ստեղծագործությանը: Քննադատն այն հիշողությունն է, որի միջոցով գրականությունը փոխանցվում է գալիք սերունդներին:
-Վահրամ Սահակյանն իր «Հավերժ կախաղան» գրքի շնորհանդեսը վերածել էր շնորհանդես- վաճառքի, այսօր մեր ո՞ր գրողն իրեն նման համարձակություն թույլ կտա, լավագույն դեպքում կարող են նվիրել գիրքը: Ո՞վ պետք է զբաղվի գրքի, հատկապես լավ գրքի գովազդով, երբ չկան գրական գործակալներ, ոչինչ չեն անում նաև գրողների միությունը, գրաքննադատները և հենց գրողն ինքը:
-Պետք է, նախ և առաջ, գրողի գիտակցության մեջ ամրագրվի այն միտքը, որ գիրքն ապրանք է, և այն վաճառելու համար գովազդ է պետք, շոուի տարրեր: Մյուս կողմից էլ՝ գրականությունը բարձր երևույթ է, դժվար է հաշտվել այն մտքի հետ, թե պետք է այն ցածր սանդղակի վրա դնել:
-Գրականագետները երբեմն սկսում են գրել, հնարավո՞ր է` մի օր էլ Դուք ներկայանաք որպես գրող:
- Գրական դաշտում գրաքննադատին սկսում են չհավատալ, երբ ներկայանում է գրական գործով, որովհետև նրա վերաբերմունքը, գնահատականներն արժևորվում են այդ լույսի տակ, դիտողությունը որակվում է որպես չարակամություն: Թեև իդեալական դեպքեր լինում են: Եթե դու լավ քննադատ ես, քո ամենամեծ քննադատը պետք է լինես: Չեմ բացառում, որ հետագայում գրական ոճով հուշեր գրեմ, բայց բուն գրական գործ` բացառվում է:
-Գրական շրջանակում հայտնի եք բաց, համարձակ խոսելաոճով: Նման պահվածքն անախորժությունների առիթ չի՞ տալիս: Շատ գրողներ անկեղծ չեն խոսում կամ առհասարակ չեն խոսում, որովհետև վախենում են աշխատանքը կորցնելուց և այլ խնդիրներ ունենալուց։ Նման մտավախություն չունե՞ք:
-Ես որդեգրել եմ որոշակի սկզբունքներ և ուզում եմ մինչև վերջ դրանց հավատարիմ մնալ: Չեմ կարող ասել, թե անկեղծ խոսելն անհետևանք է անցնում, տարաբնույթ զրույցներ եղել են: Ինձ շատերը չեն սիրում, բայց հարգում են, որովհետև ճշմարտությունն եմ ասում իրենց: Իսկ գործը կորցնել վախենում է նա, ով գիտի, որ իր տեղում չէ։ Ես վստահ եմ, որ պետք եմ, և գիտեմ, որ իմ տեղում եմ:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ